Սաղմոսներ

12

Աղոթք օգնության համար

Երգողների գլխավորին։ Ութլարանի նվագարանով։ Դավթի սաղմոս։

1Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։

2Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։

3Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները,

4Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։

5«Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։

6Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։

7Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։

8Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն