Հոբի գիրք

16

1Հոբը պատասխանեց.

2«Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։

3Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։

4Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։

5Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։

6Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։

7Բայց հիմա ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։

8Դու ինձ խորշոմներով ես պատել. սա է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։

9Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։

10Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։

11Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։

12Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։

13Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։

14Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։

15Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։

16Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։

17Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է,

18Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։

19Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։

20Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։

21Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։

22Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն